Hole խմբի նախկին կիթառահար Էրիկ Էռլանդսոնը հայտնել է, որ Nirvana խմբի առաջնորդ Քուրթ Քոբեյնը մահվանից առաջ երգեր է ձայնագրել իր սոլո-ալբոմի համար: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով NME-ին:
Էրիկը նաև նշել է, որ սոլո-սկավառակը կարող էր Քուրթի համար դառնալ անձնական «Սպիտակ ալբոմը»: Էրիկը դժվարացել է ասել՝ Քոբեյնի սոլո-երգերը կներկայացվե՞ն մեծ լսարանին, թե՞ ոչ:
Էրիկ Էռլանդսոնը 1989- 2002թթ. եղել է Hole խմբի կազմում, որը գլխավորել է Քուրթ Քոբեյնի կինը՝ Քորթնի Լավը: Երաժիշտը մասնակցել է խմբի բոլոր ձայնասկավառակների ձայնագրմանը՝ բացառությամբ «Nobody’s Daughter»-ի (2010):
Քուրթ Քոբեյնը 27 տարեկանում ինքնասպան է եղել: Նա կյանքին վերջ է դրել 1994 թվականի ապրիլի 5-ին: Իր կարիերայի ընթացքում նա հասցրել է Nirvana խմբի հետ թողարկել երեք ալբոմ՝«Bleach» (1989), «Nevermind» (1991) և «In Utero» (1993):









































