Ստորին Սաքսոնիայի ներքին գործերի նախարար Ուվե Շյունեմանն առաջարկել է պակտ ընդունել ծայրահեղ սալաֆիների դեմ, որոնք Գերմանիայում անվճար Ղուրան են բաժանում ոչ մուսուլմաններին: Ինչպես հաղորդում է Rheinische Post-ը, ներքին գործերի դաշնային նախարարին ուղղված նամակում նա նաև առաջարկել է սալաֆիների ակցիան դարձնել ապրիլի 19-ին կայանալիք Գերմանական իսլամական կոնֆերանսի գլխավոր թեման:
Շյունեմաննի խոսքերով՝ իշխանությունները պետք է միասնական մոտեցում մշակեն այդ ակցիաների նկատմամբ: Ինքը՝ քաղաքական գործիչը, կարծում է, որ այն ծայրահեղական է և վարկաբեկում է իսլամը: Նա ակնկալում է, որ գերմանական-մուսուլմանական միավորումները կմիանան սալաֆիների դեմ արշավին և կբացատրեն, որ դա վտանգավոր շարժում է:
Շյունեմանն առաջարկում է մուսուլմանական ինստիտուտների և հատուկ ծառայությունների միջև համագործակցություն ձևավորել՝ ծայրահեղական մուսուլմանների դեմ համատեղ պայքարելու համար: Բացի այդ, նրա կարծիքով՝ պետությունը պետք է հատուկ ծրագրեր մշակի այն իսլամիստների համար, որոնք որոշել են հրաժարավել ծայրահեղական գաղափարներից: Նման ծրագրեր Գերմանիայում գործում են նեոնացիստական միջավայրից դուրս եկածների համար:
Գերմանիայի սալաֆիները կազմակերպել էին «Կարդա՛» ակցիան, որի շրջանակներում անվճար Ղուրան էին բաժանում ողջ Գերմանիայի տարածքում: Հատուկ ծառայությունների կողմից դա ընկալվել է որպես սադրանք և նոր ծայրահեղական սալաֆիների հավաքագրման փորձ: Սակայն պաշտոնապես իշխանությունները չեն կարող կազմակերպիչներին որևէ մեղադրանք ներկայացնել, քանի որ գերմանական օրենքներով կրոնական տեքստերի տարածումն արգելված չէ:







































