Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համագործակցության մասին խոսք անգամ չկա: Այսօր Դիլիջանում ԲՀԿ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Գագիկ Ծառուկյանն ասել է, որ Տեր-Պետրոսյանի` համագործակցության մասին առաջարկին չի արձագանքում, քանի որ համագործակցության մասին խոսք չկա, միակ համագործակցությունն ազատ, արդար ընտրություններ անցկացնելն է, ըստ որի` համապատասխան փաստաթղթի տակ են ստորագրել:
Ըստ Ծառուկյանի, ԲՀԿ-ն պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի հետ, որոնք ազատ և արդար ընտրություններ են ցանկանում:
Ի դեպ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ այսօր Կոմիտասի անվան Պանթեոնում, ուր նա այցելել էր Ազգային Ժողովի նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի 80-ամյակի կապակցությամբ, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, թե ՀԱԿ-ն ամեն ինչ անում է գող, ավազակ, մարդասպան իշխանություններից ազատվելու համար:
Եվ իրենք պատրաստ են համագործակցելու ցանկացած ուժի հետ, որոնք կնպաստեն այս գործին և դրանով է բացատրվում ՀԱԿ-ի մասնակցությունն ընտրությունների վերահսկման միասնական շտաբին:








































