«168 ժամ» թերթի խմբագիր, մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Սաթիկ Սեյրանյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոստովանեց, որ իր համար դժվար է եղել առաջադրվելու որոշում կայացնելը, քանի որ գիտակցում է՝ թողնում է իր սիրելի գործը և գնում առավել բարդ աշխատանք կատարելու:
«Ես հասկացա, որ ուզում եմ մասնակցել օրենսդիր աշխատանքին, և կարծում եմ, որ մեր՝ լրագրողներիս մուտքը խորհրդարան կարող է որակական առումով բարենպաստ ազդեցություն ունենալ ԱԺ աշխատանքների վրա: Ընդ որում, ոչ միայն խոսքի ազատության առումով»,- նկատեց Սաթիկ Սեյրանյանը:
Անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ընթացքին՝ «168 ժամ» թերթի խմբագիրը նշեց, որ իր երկու մրցակիցների՝ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի և «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ նորմալ ընտրապայքար է ակնկալում:
«Ես պատրաստ եմ բանավիճել անխտիր բոլոր մրցակիցներիս հետ: Իսկ ահա իշխանական թեկնածուն՝ ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանը, հրաժարվում է բանավեճերից: Նա ունի միայն հարկերից խուսափելու միջոցով ձեռք բերված փող: Ի դեմս նրա՝ ես պայքարելու եմ փողի ու իշխանական լծակների դեմ: Բոլորը լծված են մի խանութպանի «անցկացնելու» գործին: Եթե մրցակիցդ ասելիք ու ծրագիր չունի, որով կդիմի ընտրողներին, նրան մնում են փողն ու ուժը»,- ասաց Սեյրանյանը:








































