Թվում է, թե բարոյական արժեքների համար պայքարում արդեն հաղթող կա: Daily Mail-ը գրում է, որ առաջադեմ փիլիսոփան պնդում է, որ կանայք առավել բարոյական են, քան տղամարդիկ:
Պրոֆեսոր Ռոջեր Սթիրը 4 տարի առաջ ստեղծել է «Բարոյականության ԴՆԹ» թեստը` ստուգելու համար մարդկանց բարոյականության աստիճանը, ինչպես նաև՝ արժեքային համակարգի փոփոխությունը, երբ մարդը մտնում է աշխատավայր:
Թեստի ստեղծումից հետո մինչ այժմ 60000 կամավորներ՝ 200 տարբեր երկրներից, պատասխանել են փիլիսոփայի հարցերին: Մասնակիցների թվում եղել են գործարարներ, տնօրեններ, ինչպես նաև՝ հանքերում աշխատողներ և տնային տնտեսուհիներ:
Պրոֆեսորն ասում է, որ արդյունքները ցույց են տվել, որ մարդու սեռն ու տարիքն ամենաշատն են ազդեցություն ունենում նրա բարոյականության վրա: Պարզվում է, որ կանայք, հատկապես, երբ նրանք 30 տարեկանից բարձր են, առավել բարոյական են:
Հարցումների մասնակիցները պետք է գնահատեին իրենց անձնական կյանքը, կյանքն աշխատավայրում և իրենք իրենց: Մասնակիցներն այնուհետև ստանում էին 6 տարբեր անուններ` կախված իրենց բնավորությունից: Այդ անուններն էին՝ Փիլիսոփա, Դատավոր, Հրեշտակ, Ուսուցիչ, Բռնակալ և Պահապան:
Պրոֆեսորն ասում է, որ կամավորների պատասխանները թույլ են տվել պատկերացում կազմել նրանց բարոյականության մասին:








































