Ամերիկյան Hearst մեդիախմբի՝ կանանց համար նախատեսված 5 ամսագիր YouTube-ում համատեղ ալիք են բացել: Hello Style ալիքը ներկայացնում է Cosmopolitan, Marie Claire, Harper’s Bazaar, Seventeen և Real Beauty ամսագրերը:
Կայքը պաշտոնապես բացվել է ապրիլի 15-ին: Այնտեղ կտեղադրվեն հոլովակներ, որոնք ներկայացնում են թեմայի տպագիր տարբերակների բավանդակությունները:
Վիդեոալիքը գործարկվել է գովազդատուներին գրավելու համար: Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն՝ YouTube-ը Hearst-ի համար որպես աջակցություն տասնյակ միլիոնավոր դոլարներ է առանձնացրել, որպեսզի մեդիաընկերությունը իր ամսագրերի վիդեո տարբերակները ստեղծի և ալիք բացի, քանի որ վիդեոհոսթինգը ևս գովազդատուներին գրավելու խնդիր ունի:
Մայիսի մեկին Hearst-ը YouTube –ով կթողարկի ևս մեկ ալիք՝ Car and Driver ամսագրի համար:
Hearst-ը ամերիկյան խոշոր մեդիաընկերություն է, որի կազմում են ընդգրկված տասնյակ ամսագրեր, օրաթերթեր, այդ թվում՝ Houston Chronicle-ը և San Francisco Chronicle-ը: Մեդիաընկերությանն են պատկանում նաև մի քանի հեռուստաընկերություններ, այդ թվում Hearst Television Inc.,և ինտերնետ-ակտիվներ:








































