ՄԱԿ-ի դիտորդների առաջին խումբը, որը կոչված է հետևելու Սիրիայում ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի՝ ճգնաժամը դադարեցնելու ծրագրի իրականացմանը, արդեն սկսել է իր գործունեությունը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, որը գտնվում է Բրյուսելում: Նրա խոսքերով` մոնիթորինգային ծրագրի առաջնային խումբը, որը ժամանել է երեկ, արդեն անցել է դիտորդական առաքելության իրականացմանը:
Գլխավոր քարտուղարը հույս ունի, որ դիտորդական առաքելությունը կապահովի բռնության դադարեցումը և կնպաստի հակամարտող կողմերի բանակցությանը: Պան Գի Մունը Սիրիայի իշխանություններին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել: Նա նշել է, որ Անվտանգության խորհրդի որոշման համաձայն՝ խմբի անդամների թիվը շուտով կհասնի 30-ի:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ, չնայած Սիրիա առաջին խմբի ժամանմանը, Հոմսում շարունակվել են փոխհրաձգությունները: BBC-ին հաղորդում է, որ Սիրիայի ակտիվիստները հայտնել են 25 զոհերի մասին: Սիրիայի իշխանությունները իրենց հերթին հայտարարել են, որ իրենց իրավունք են վերապահել ընտրել դիտորդներին` ըստ նրանց ազգային պատկանելության: Բացի այդ, Սիրիան պատրաստվում է ղեկավարել նրանց գործունեությունը հենց իրենց անվտանգության համար:








































