Ահաբեկչության մեջ մեղադրվող Անդերս Բրեյվիկը, որի դեմ դատական գործն սկսկվել է Օսլոյի դատարանում այսօր` ապրիլի 16-ի առավոտյան, դատախազների կողմից մեղադրական եզրակացության առաջին մասն ընթերցելուց հետո հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին հայտնում է RIA Novosti գործակալությունը:
Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսի 22-ին Բրեյվիկը Օսլոյի կենտրոնում պայթեցրել էր ավտոմեքենա, ինչի հետևանքով սպանվել էր 8 մարդ: Այնուհետև նա ուղևորվել էր Ուտոյա կղզի, որտեղ տեղակայված էր երիտասարդական ճամբարը և կրակ բացել, ինչի հետևանքով կղզում սպանվել էր 69 մարդ: Բրեյվիկի հոգեբուժական հետազոտությունն ընթացիկ տարվա ապրիլին նրան ճանաչել էր մեղսունակ։
Դատախազ Ինգա Բեյեր Էնգը դատական գործի շրջանակում մեկ ժամ ներկայացրել է ահաբեկչության զոհերի ցուցակը: Ընդ որում` ուղիղ եթերը պարբերաբար դադարեցվել է` ելնելով էթիկայի կանոններից. Դատարանի ու պաշտպանների կարծիքով` սպանվածների անուններն ու հանցագործների հանգամանքները կարող են ուժեղ սթրես լինել նրանց հարազատների համար:
Դատավորի այն հարցին` արդյոք Բրեյվիկն իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է, մեղադրյալը պատասխանել է, որ չի փոխել իր կարծիքը:
«Ես ընդունում եմ, որ կատարել եմ այդ գործողությունները, սակայն ինձ մեղավոր չեմ համարում»,- ասել է Բրեյվիկը:
Մեղադրական եզրակացությունը ներկայացնելը, դատախազության գնահատականների համաձայն, կարող է տևել շուրջ 5 ժամ:








































