Սիրիայի «ներքին» ընդդիմությունը ներկայացնող Սիրիայի ազգային համակարգող կոմիտեի ներկայացուցիչներն այսօր կմեկնեն Մոսկվա՝ երկրում առաջացած բարդ իրավիճակը քննարկելու համար:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Մոսկվայում սիրիական ընդդիմության ներկայացուցիչ Ադել Իսմայիլին, եռօրյա այցի ընթացքում Սիրիայի ազգային համակարգող կոմիտեի ներկայացուցիչները բանակցություններ կվարեն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նրա տեղակալի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովի հետ: Բացի այդ, ընդդիմության ներկայացուցիչները հանդիպումներ կունենան Պետդումայի՝ Միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովի և ՌԴ նախագահի՝ Աֆրիկայի երկրների հետ համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Մարգելովի հետ:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ Սիրիայի ընդդիմությունն իր տեսակետը կհայտնի ռուսական կողմին և կիմանա նրա դիրքորոշումը ճգնաժամի վերաբերյալ:
Հիշեցնենք. մեկ շաբաթ առաջ այցով Մոսկվայում էր Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը:











































