Եգիպտական իշխանությունները մտադիր են դիվանագիտական ճանապարհով կարգավորել Սուդանի և Հարավային Սուդանի Հանրապետության միջև մերձսահմանային հակամարտությունը: Ինչպես հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ ղեկավար Մուհամեդ Քաամել Ամրը, Կահիրեն կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի նպաստի «Սուդանի և Հարավային Սուդանի Հանրապետության տեսանկյունների մերձեցմանը»:
Ինչպես հաղորդում են ինտերնետ-ԶԼՄ-ները, եգիպտական ԱԳՆ ղեկավարն այսօր ժամանել է Խարթում՝ խաղաղապահական առաքելությամբ: Նա նախատեսում է նաև այցելել Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբա:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Հարավային Սուդանի բանակը գրավել է Խեգլիգ քաղաքը, որտեղ գտնվում է Սուդանի նավթային ենթակառուցվածքի մեծ մասը:
Հարավային Սուդանը քաղաքի գրավումը բացատրել է Սուդանի կողմից հարձակումը կանխելու անհրաժեշտությամբ: Ի պատասխան՝ Սուդանը համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարել և խոստացել է անել հնարավոր ամեն ինչ՝ քաղաքը հետ գրավելու համար: Ներկա պահին կողմերի միջև շարունակվում են բախումները:









































