Մարմնավաճառների հետ կապված սկանդալը, որոնց ծառայություններից այս հանգստյան օրերին փորձել էին օգտվել ԱՄՆ նախագահի թիկնազորի անդամները, տարածվել է ամերիկյան բանակի վրա: Այս մասին հաղորդել է The Los Angeles Times-ը:
Հինգ զինծառայողներ, ովքեր համագործակցում էին Օբամայի թիկնապահների հետ, ամենայն հավանականությամբ, ևս ցանկացել են օգտվել մարմնավաճառների ծառայությունից Կոլումբիայում: Gazeta.ru-ի փոխանցմամբ` բանակը հայտարարել է, որ սկսում է դեպքի հետաքննությունը:
Սկանդալի մեջ ներքաշված գաղտնի ծառայության 11 անդամներ մինչ դեպքերի պարզաբանումն ազատվել են աշխատանքից:
Ինպես տեղեկացրել է Associated Press-ը, սկանդալը սկսվել է այն բանից հետո, երբ մարմնավաճառներից մեկը հյուրանոցում աղմուկ է բարձրացրել, որ ինքը չի ստացել խոստացված գումարը:
Հատուկ ծառայության 12 գործակալներ Կոլումբիայից հետ են ուղարկվել ԱՄՆ: ԱՄՆ գաղտնի ծառայության մամլո քարտուղարն իր հերթին հայտարարել է, որ պատահարը չի ազդում թիկնապահների աշխատանքի որակի վրա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկնել էր Կոլումբիա` Համաամերիկյան գագաթնաժողովին մասնակցելու համար:








































