Լոս Անջելեսի ոստիկանները ավելի քան 90 անգամ կրակել են վարորդի վրա, ով հրաժարվել է կանգնել կարգը պահպանողների պահանջով և փորձել է թաքնվել: Վարորդը մահացել է հրազենային վնասվածքներից, շաբաթ օրը հաղորդում է CBS հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել Վուդլենդ Հիլս շրջանի 101 մայրուղում: Ճանապարհային պարեկը նկատել է, որ Ford Crown Victoria ավտոմեքենայի վարորդը ճանապարհին իրեն անփույթ է պահում և փորձել է կանգնեցնել խախտողին: Սակայն տեղի 19-ամյա բնակիչ Աբդուլ Էրիանը` ծագումով Աֆղանստանից, որոշել է թաքնվել ոստիկաններից:
«911» ծառայությունը ոստիկաններին հաղորդել էր, որ հետապնդվող երիտասարդը զինված է: Էրիանն ինքն է այդ մասին հեռախոսով հայտնել «911»-ի օպերատորին, ով փորձել է համոզել վարորդին կանգնել:
«Եթե նրանք զենք ուղղեն ինձ վրա, ապա ես էլ իմ զենքը կհանեմ: Ես չեմ տուժի, սակայն ոստիականները կտուժեն»,- ասել է նա «911» ծառայության դիսպետչերին:
Հետապնդումն ավարտվել է 20 րոպե անց, երբ պարեկային մեքենաներից մեկը վնասել է Էրիանի ավտոմեքնեան: Երիտասարդը դուրս է նետվել մեքենայից և փորձել թաքնվել ոստիկաններից` ժեստերով ցույց տալով, որ ատրճանակ ունի և մտադիր է կրակել: Ի պատասխան երիտասարդի ժեստերի` ոստիկանության ութ սպա ավելի քան 90 փամփուշտ կրակել են Էրիանի ուղղությամբ: Երիտասարդը, որ իրականում անզեն է եղել, տեղում մահացել է: Միջադեպը տեղի է ունեցել գիշերային ժամին, վատ լուսավորված տեղում:
Լոս Անջելեսի ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ չարագործը «մի քանի անգամ կրակելու դիրք է ընդունել և ոստիկանության սպաների վրա է ուղղել ինչ-որ առարկա, ինչը ոստիկաններին հիմք է տվել կարծել, որ նա զինված է»:








































