Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի եկամուտը անցած տարի կազմել է ավելի քան 2 մլն դոլար: Այսպես է նշված այսօր Յանուկովիչի պաշտոնական կայքէջում տեղադրված Գույքի, եկամուտների, ծախսերի ու պարտավորությունների 2011թ. ֆինանսական բնույթի հայտարարագրում: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
2011թ. Ուկրաինայի նախագահը ստացել է 757.6 հազար գրիվնա (94.7 հազար դոլար)` «աշխատավարձ, այլ վճարներ ու պարգևատրումներ` համաձայն աշխատանքային կամ քաղաքացիական-իրավական պայմանավորվածության»:
Պետության ղեկավարը ֆինանսական հաստատություններում բանկային ավանդներից ստացել է 155.4 հազար գրիվնա (19.4 հազար դոլար): Բացի այս` 2011թ. Դոնեցկի «Նոր աշխարհ» տպագրատունը նրան վճարել է 16.4 միլիոն գրիվնա (շուրջ 2 մլն դոլար)` որպես հեղինակային վճար այն բանի համար, որ հրատարակությանն են հատկացվել նրա գրքերի հրատարակման իրավունքները:
Մասնավորապես, հրատարակությունը ձեռք է բերել 2005-2010թթ. Յանուկովիչի գրած գրքերի` «Մեկ տարի ընդդիմությունում. Քաղաքականությունում չեն լինում վերջնական հաղթանակներ ու պարտություններ», «…Եվ մեկ տարի իշխանության օրոք: Ճգնաժամից մինչև տնտեսական աճ», «Հաղթահարել ճանապարհը», «ինչպես Ուկրաինայում շարունակել ապրել» գրքերի, ինչպես նաև գեղարվեստական ստեղծագործությունների (պետք է ստեղծվեն Յանուկովիչի կողմից) հրատարակման իրավունքը:
Ստացված գումարից Ուկրաինայի ներկայիս նախագահը բյուջե է փոխանցել 2.8 միլիոն գրիվնա (շուրջ 350 հազար դոլար), որպես ֆիզիկական անձանց համար նախատեսված հարկ:
Համաձայն հայտարարագրի` նրան են պատկանում հողատարածք Կիևի մարզում` 1.7688 հա տարածքով, որի վրա կառուցված է 619.6 քմ մակերեսով բնակելի տուն, բնակարան Կիևում (239.4 քմ տարածքով) ու 2 մեքենայի համար նախատեսված տարածք 39.9 քմ տարածքով:
Երկրի ղեկավարին պատկանող գույքի պահպանման ծախսերը 2011թ. կազմել են 207.5 հազար գրիվնա (շուրջ 26 հազար դոլար):
2011թ. նա 120 հազար գրիվնա (15 հազար դոլար) է հատկացրել մանկատանը: Նախորդ տարում նրա բանկային հաշիվները կազմել են 14.5 միլիոն գրիվնա (1.8 միլիոն դոլար): Բացի այդ` նա տնօրինում է 6.8 հազար գրիվնա (շուրջ 850 դոլար) արժողությամբ արժեթղթեր:








































