Ամերիկյան նացիստական կուսակցությունը (American Nazi Party, ANP) գրանցել է իր առաջին լոբբիստին ԱՄՆ իշխանությունների համակարգում: Այս մասին գրում է Կոնգրեսի թերթը` The Hill-ը:
55-ամյա Ջոն Բոուլզը ապրիլի 10-ին գրանցվել է որպես լոբբիստ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ու Սենատի քարտուղարության կողմից:
Պաշտոնական փաստաթղթերից հետևում է, որ Բոուլզը ծրագրում է պայքարել «քաղաքական իրավունքների ու քաղաքացիների` ընտրական գործընթացներին հավասար մասնակցություն ունենալու համար»:
Նեոնացիստների ներկայացուցչին անհանգստացնում է այն, որ իր համախոհներին թույլ չեն տալիս պայքարել ընտրական պաշտոնների համար: «Կոնգրեսականները միշտ ասել են, որ բաց են այլոց տեսակետների դիմաց: Հուսով եմ` նմանատիպ հայտարարությունները բլեֆ չեն»,- The Hill-ին տված հարցազրույցում ասել է Բոուլզը:
Նեոնացիստների ներկայացուցիչը պատրաստվում է լոբբինգի ենթարկել մարդու իրավունքների, առողջապահության ու ներգաղթյալների հետ կապված հարցերը: Ինչ վերաբերում է «ռասայի մաքրությանը», ապա Բոուլզը չի պատրաստվում այդ թեման վերհանել:
2008թ. Բոուլզը իր թեկնածությունն առաջադրել էր ԱՄՆ նախագահական ընտրություններին:
Ամերիկյան նացիստական կուսակցությունը հիմնադրվել է 1959թ.: