Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը կարծում է, որ իր միջուկային ծրագրի վերաբերյալ տարաձայնությունների հարթման կարգավորման ամենահարմարավետ քաղաքականությունը դիվանագիտությունն ու համագործակցությունն է: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը:
Վերջինիս խոսքերով՝ նախկինում Իրանի ու «Վեցյակի» միջև անցկացված բանակցությունների ձախողվելու պատճառներից մեկը եղել է այն, որ «Վեցյակի» երկրները չեն ցանկացել դրանք իրականացնել համագործակցության մթնոլորտում՝ փոխարենը նախընտրելով ճնշումների ու սպառնալիքների քաղաքականությունը.
«Հակառակ կողմը կարծում էր, թե մեզ հետ կարելի է խոսել ուժի դիրքերից: Նրանք սխալմամբ կարծում էին, թե, տնտեսական պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրելով մեզ վրա, կարող են կանգնեցնել մեր խաղաղ միջուկային ծրագիրը:
Իրանը գոյություն ունեցող տարաձայնությունների հարթման համար բացառապես ընդունելի է համարում միայն համագործակցության մթնոլորտում խաղաղ բանակցություններ անցկացնելու վերաբերյալ քաղաքականությունը: Մենք պաշտպանելու ենք մեր անբաժանելի իրավունքը և պատրաստակամ ենք համագործակցության մթնոլորտում անցկացնել կառուցողական բանակցություններ:
Մենք հուսով ենք, որ հակառակ կողմը հարգանքով կվերաբերի Իրանի ժողովրդի իրավունքներին, առաջ չի քաշի համանման պահանջներ և կհրաժարվի ուժային ճնշումից: Այդ դեպքում բանակցությունները հաջող կընթանան»:








































