Ինքնաթիռում թռիչքի ընթացքում կարելի է շատ բաներ անել` երաժշտություն լսել, գիրք կարդալ, ֆիլմեր դիտել, զրուցել, իսկ Նինա Խաչադուրյանի դեպքում` զուգարանում արվեստ վերստեղծել:
Daily Mail-ը գրում է, որ, օգտագործելով միայն զուգարանի թուղթ և իր բջջային հեռախոսը, Նինան նկարել է ինքն իրեն` վերստեղծելով վերածննդի շրջանի դիմանկարների կերպարները:
14 ժամ տևողությամբ թռիչքի ժամանակ Խաչադուրյանը հասկացել է որ կարող է օգտագործել զուգարանն ամեն անգամ, երբ այն զբաղված չէ: Նա օգտագործել է զուգարանի թուղթ և թղթե սրբիչներ` ֆլամանդական ոճով ինքնադիմանկարներ ստեղծելու համար:
Նրա «Ֆլամանդական ոճով ինքնադիմանկարների հավաքածուն» մեկ այլ ծրագրի մի մասն է կազմում, որը կոչվում է Seat Assignment, և որը սկսվել էր երկու տարի առաջ: Ծրագրի նպատակն է թռիչքի ընթացքում արվեստ ստեղծել այն ամենի միջոցով, ինչ որ այդ պահին հանրավոր է գտնել:
Նինան, ով ծնվել ու մեծացել է Կալիֆոռնիայում, ասում է, որ իրեն ներշնչել է մի լուսանկար, որն ինքն արել էր նախորդ թռիչքներից մեկի ժամանակ:


















































