Սիրիայի ներքին գործերի նախարարությունը չորեքշաբթի օրը խոստացել է համաներում շնորհել Սիրիայում զինված բախումների այն մասնակիցներին, որոնք սպանություններ չեն իրագործել։ Հայտարարությունը հնչել է բախումները դադարեցնելու որոշումը կայացնելու հաջորդ օրը:
«ՆԳՆ–ն կոչ է անում այն մադկանց, որոնց ձեռքերը թաթախված չեն արյան մեջ, հանձնվել ոստիկանության մոտակա բաժանմունք և հանձնել զենքերը: Նրանք ազատ կարձակվեն և չեն հետապնդվի»,- հայտարարել է պետական հեռուստաալիքը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիական իրավապաշտպան մարմիններին արդեն հանձնվել են ավելի քան 100 մարդ, որոնք հետախուզման մեջ են եղել:
Սիրիայի իշխանությունները նաև հայտնել են, որ հրաձգության դադարից հետո, որը ուժի մեջ է մտել տեղական ժամանակով ժամը 06.00-ին, Հալեպ քաղաքում պայթել է զինվորական մի ավտոբուս: Միջադեպի հետևանքով զոհվել է մեկ զինվորական, 24 զինվորներ և կուրսանտներ վիրավոր են:
Պաշտոնական Դամասկոսը հայտարարել է, որ տվյալ ահաբեկչությունը դիտարկում է որպես գրոհայինների կողմից բռնության կիրառում, որոնք ցանկանում են խափանել ՄԱԿ-ի և ԱՊԼ–ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի ծրագիրը, որը նախատեսում է երկրի քաղաքական իրավիճակի կայունացում:
Իրենց հերթին սիրիական իրավապաշտպանները հայտնել են, որ զինադադարի մասին համաձայնությունից հետո մի քանի խաղաղ բնակիչ է զոհվել հակակառավարական ուժերի կողմից բացած կրակի հետևանքով:
Նշենք, որ Սիրիայում մեկ տարուց ավել է ինչ չեն դադարում հակակառավարական ելույթները: Ամեն օր լուրեր են ստացվում մարդկային զոհերի մասին: ՄԱԿ-ի տվյալներով արդեն 9 հազարից ավել մարդ է զոհվել ընդդիմության և կառավարական ուժերի բախումների հետևանքով:









































