Իսպանիայի ազգային ընտրանու կիսապաշտպան Չավի Էրնանդեսը հարցազրույց է տվել Եվրոպայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքին:
Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ազգային հավաքականը հունիսին մեկնարկող «Եվրո-2012»-ի գլխավոր ֆավորիտն է: «Ֆուրիաներ»-ի կիսապաշտպան Չավի Էրնանդեսի խոսքերով՝ իր թիմը պատրաստվում է ամրապնդել Հին աշխարհի ուժեղագույն հավաքականի կոչումը:
Վիսենտե Դել Բոսկեի սաները Եվրոպայի առաջնության որակավորման փուլում 100 տոկոսանոց արդյունք գրանցեցին` վստահ հաղթանակ տոնելով 1-ին խմբում:
«Մենք խաղում ենք հանուն հաղթանակի: Ցանկանում ենք հնարավորինս շատ տիտղոսներ նվաճել: Այժմ խաղացողների տաղանդավոր սերունդ ունենք: Պատրաստվում ենք հաղթանակ տանել Եվրոպայի առաջնությունում կամ առնվազն խաղալ եզրափակչում:
Ամբողջ աշխարհը հետևում է մեր թիմի խաղին: Մրցաշարին Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոնի կոչումով մասնակցելիս քեզ ավելի հանգիստ և վստահ ես զգում»,- նշել է «Բարսելոնա»-ի 32-ամյա ֆուտբոլիստը:






































