Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի ներկայացուցիչները երկիրը շրջանները բաժանել են միմյանց միջև, ուր նրանք պետք է մեկնեն մինչև հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները:
Դա ուղղված է իշխող «Ազգային միասնական շարժում» կուսակցության դիրքերի խարխլմանը: Այս մասին հայտարարել է «Հանրապետական» կուսակցության առաջնորդներից Լևան Բերձենիշվիլին: Վերջինիս խոսքերով՝ որոշվել է ողջ երկրով մեկ ճակատներ բացել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ.
«Հուսով ենք, որ իշխանությունների ռեսուրսները չեն բավականացնի մեր դեմ ամենուրեք պայքարելու համար: Շրջաններում նմանատիպ ակտիվությունը կնպաստի «Վրացական երազանք»-ի նկատմամբ բնակչության վստահության աճին ու մեր համակիրների մոբիլիզացմանը»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հայտարարել էր, թե Սաակաշվիլիի դիրքերն ավելի ուժեղ են շրջաններում, քան՝ մայրաքաղաք Թբիլիսիում:








































