Guns N’Roses խմբի հիմնադիրներից մեկը՝ Աքսել Ռոուզը, հրաժարվել է մտնել ռոք-ն-ռոլի Փառքի սրահ, որի կազմում նրա խումբը հանդիսավոր կներառվի ապրիլի 14-ին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ռոուզը նշել է, որ ինքը ոչ միայն ներկա չի գտնվի Քլիվլենդի շաբաթ օրվա արարողությանը, այլև խնդրում է հանել իր անունը Փառքի սրահի ցուցակից: Ռոուզից բացի՝ միջոցառմանը պետք է ներկա գտնվեն Guns’s’Roses-ի իր նախկին գործընկերները՝ Սլեշը, Իզզի Սթրեդլինը, Դաֆ ՄաքՔեյգանը և Սթիվեն Ադլերը:
Աքսել Ռոուզի կարծիքով (նրա խումբն այժմ հանդես է գալիս նոր կազմով)՝ առանց համաձայնության միջոցառմանը հրավիրելիս կազմակերպիչներն անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել իր նախկին գործընկերների նկատմամբ: Ռոուզը նշել է, որ նման ձևով Փառքի սրահը աջակցում է «անվերջանալի երևակայությունն ու ռեվիզիոնիզմը՝ հանուն ինքնափիառի, որը ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ»: «Ժամանակն առաջ է շարժվում: Երբեմն այնպես է ստացվում, որ մարդիկ տարբեր ճանապարհներ են ընտրում: Եվ կյանքը պարտավոր չէ յուրաքանչյուրին երջանիկ ավարտ ապահովել, հատկապես մյուսների հաշվին»,- ասել է Ռոուզը:
Միջոցառման կազմակերպիչներն իրենց ափսոսանքն են հայտնել Ռոուզի մերժման կապակցությամբ, սակայն չեն պատրաստվում հրաժարվել Guns N’Roses-ին իր «ոսկե կազմով» պատվելու իրենց մտադրությունից:
Guns N’Roses-ը ճանաչում է ձեռք բերել 1980-ականների վերջին՝ մի քանի հաջող ալբոմներ թողարկելով: Սակայն հետո խմբի անդամների հարաբերությունները վատացան, և մեկը մյուսի հետևից խմբից դուրս եկան բոլոր անդամները՝ բացառությամբ Աքսել Ռոուզի:
Հիշեցնենք, ավելի վաղ 2012 թ. ապրիլի 14-ի միջոցառմանը հրաժարվել էր մասնակցել Red Hot Chilli Peppers-ի կիթառահար Ջոն Ֆրուսչանտեն։







































