Ուզբեկստում գործում է ծննդաբերած կանանց ստերիլիզացման պետական գաղտնի ծրագիր,- հաղորդում է BBC-ն:
Ըստ BBC-ի թղթակից Նատալյա Անտելավայի՝ սետերիլիզացման վիրահատություններն ուզբեկ բժիշկները գաղտնի էին անցկացնում՝ ծննդաբերությունից հետո կամ կեսարյան հատման ընթացքում: Որոշ կանայք անգամ չեն էլ կասկածում, որ նման բան է տեղի ունենում:
Լրագրողուհին հիշեցրել է, որ իրեն Ուզբեկստանից վտարել են այս տարվա փետրվարին: Այդ ժամանակ ԶԼՄ-ները հաղորդեցին, որ լրագրողուհին պարազապես ցանկանում էր հանդիպումներ ունենալ Ուզբեկստանի իր ընկերների հետ, սակայն Տաշքենդի օդանավակայանում նրան ներս չեն թողել և նստեցրել են Ղազախստան չվերթ իրականացնող ինքնաթիռը:
Անտելավան հայտնել է, որ Ղազախստանի տարածքում հանդիպել է մի շարք ուզբեկ կանանց և վկայություններ է հավաքել վերոհիշյալի վերաբերյալ:
Անտելավայի աղբյուրների խոսքերով՝ բժիշկների վրա ուժեղ ճնշում է գործադրվում Ուզբեկստանի գյուղական շրջաններում, որտեղ գինեկոլոգները պետք է շաբաթական ստերիլիզացնեն մինչև 8 կին:
«Ամիսը մեկ կամ երկու անգամ, երբեմն ավելի հաճախ տեղի հիվանդանոցի բուժքույրը գալիս է իմ տուն և փորձում ինձ համոզել՝ դիմելու վիրահատության»,- մեջբերում է պարբերականը ուզբեկ կանանցից մեկի խոսքերը: «Այժմ սա անվճար է, բայց հետո դուք ստիպված կլինեք վճարել, այնպես որ, արեք դա հիմա»,- ըստ նրա՝ ասում է բուժքույրը:
Մեկ այլ կին պատմել է, որ ծննդաբերությունից հետո սուր ցավեր է զգացել, իսկ երբ բժշկի է դիմել, պարզվել է, որ իր արգանդը հեռացրել են: «Նրանք պարզապես ինձ ասացին.«Ձեր ինչի՞ն են պետք ուրիշ երեխաներ: Դուք արդեն երկուսն ունեք»,- պատմել է նա:
Ուզբեկստանի առողջապահության նախարարության այս գաղտնի ծրագիրն ուղղված է երկրում բնակչության աճի վերահսկմանը: Երկրում, պաշտոնական տվյալներով, ապրում է 28 մլն մարդ:




































