Հայաստանի Կովկասյան ինստիտուտը ներկայացրեց վերլուծական զեկույց «Լեռնային Ղարաբաղ. հզորության և թուլության պարադոքսները անհամաչափ հակամարտության մեջ»: Զեկույցի հեղինակներն են Տոմսկի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր, անհամաչափ հակամարտության մասնագետ Լարիսա Դերիգլազովան և Կովկասի ինստիտուտի քաղաքագիտության բաժնի վարիչ Սերգեյ Մինասյանը: Վերջինս, ներկայացնելով զեկույցը, նշեց, որ իրենք փորձել են տալ անհամաչափ հակամարտությունների տեսության էությունը և դրա դրսևորումը Ղարաբաղյան հակամարտության մեջ: «Այս թեորիան այն մասին է, թե ինչպես են «թույլերը» կարողանում հաղթել ուժեղներին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ռազմական տեսանկյունից մի քանի անգամ զիջում էին Ադրբեջանին, բայց այնուամենայնիվ, հաղթեցին: Սա հակամարտության անհամաչափ ձևերից մեկն է: Մյուս անհամաչափությունը միջազգայնորեն իրավական ճնշմանն է վերաբերում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ մենք ունենք միջազգայնորեն ճանաչված երկու պետություն` Ադրբեջան և Հայաստան, ու չճանաչված Լեռնային Ղարաբաղ»: