Ոսկու շուկայում թանկարժեք մետաղի հարգադրոշման (ազնիվ մետաղների պարունակությունը լիգատուրային համաձուլվածքներում) համապատասխանության հետ կապված՝ ստուգումներ կանցկացվեն: Այս տարի ՀՀ կառավարության որոշմամբ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի տարածքներում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշման համապատասխանության նկատմամբ վերահսկողության գործառույթը վերապահվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությանը:
Տեսչության պետ Լևոն Խալիկյանն «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ նշված աշխատանքներն իրականացնելու համար տեսչության կառուցվածքում ստեղծվել է թանկարժեք մետաղների վերահսկողության բաժին: Ներկայումս աշխատանքներ են տարվում բաժինը համապատասխան մասնագետներով համալրելու ուղղությամբ: Միաժամանակ կատարվում են ուսումնասիրություններ՝ նշված ոլորտի առավել ռիսկային օբյեկտները ճշտելու և դրանք ստուգվող օբյեկտների ցանկում ընդգրկելու նպատակով:









































