«Մարտի 1»-ի բեռը նաև Վարդան Օսկանյանի ուսերին է. այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ, 5-րդ ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀԱԿ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը`խոսելով 2008 թվականի մարտիմեկյան դեպքերի մասին: Նա նշեց, որ հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի: Ըստ նրա` չի եղել որևէ բռնապետ, որը չի պատժվել:
«Մարտի 1-ի բեռը նրանք տանելու են իրենց ուսերին, նաև՝ Վարդան Օսկանյանը»,- նշեց բանախոսը:
«Առաջին լրատվական»-ի հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է վերաբերվում ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանի հետ համատեղ ՀԱԿ-ի և ևս երկու քաղաքական ուժերի միասնական շտաբի ստեղծման համաձայնությանը, Հ. Հովհաննիսյանը պատասխանեց՝ համատեղ հայտարարությունը ոչ թե Վարդան Օսկանյանի հետ է, այլ ԲՀԿ-ի:
«Նա ներկայացնում էր ԲՀԿ-ն: Երբ իշխող կոալիցիայի ներկայացուցիչը ընդդիմադիր ուժերի հետ միանում է մի փաստաթղթի, նորմալ եմ վերաբերվում: Փաստաթղթի վերաբերյալ հնչեղությունն ավելի մեծ է, քան արդյունքը կլինի, սակայն դա նորմալ գործընթաց եմ համարում»,- մեկնաբանեց Հովհաննես Հովհաննիսյանը:









































