«Ժառանգություն» կուսակցությունը ձեռնպահ կմնա Հանրային միասնական ընտրական շտաբի աշխատանքներին մասնակցելուց, եթե դրա կազմավորման մասին հայտարարությունը չստորագրեն չորս քաղաքական ուժերի առաջնորդները: Շտաբի կառուցվածքի վերաբերյալ այսօր կայացած քննարկման ժամանակ այս մասին ասաց կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ եթե իր առաջարկը մերժվի, «Ժառանգությունը» կքննարկի նախագծին իր հետագա մասնակցության հարցը:
«Եթե ուզում ենք այս գործը «հորով-մորով» անել, ապա արդեն իսկ ստորագրված հայտարարությունը պետք է ստորագրվի կուսակցությունների առաջին դեմքերի կողմից: Օրինակ՝ ի՞նչն է խանգարում, որ հայտարարության տակ ստորագրի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ինչո՞ւ է նա ստորագրել կոալիցիոն հուշագրի տակ»,- հարց հնչեցրեց նա:
Քննարկմանը ներկա ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանն իր հերթին նկատեց, որ նոր փաստաթղթի ստորագրման անհրաժեշտություն չկա:
Նմանօրինակ դիրքորոշմամբ հանդես եկան նաև քննարկման մյուս մասնակիցները՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ու ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը:
«Ձեզ Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությո՞ւնն է պետք՝ գնամ, բերեմ»,- կատակով հավելեց Զուրաբյանը:
Ռուբեն Հակոբյանը նկատեց՝ իր առաջարկը մերժելը նշանակում է, որ միասնական շտաբի մասին ստորագրությունը ստորագրած ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի ու «Ժառանգության» միջև փոխվստահության պակաս կա:
Օսկանյանն իր հերթին նշեց, որ ԲՀԿ-ն այնպիսի ռեսուրսներ է ներդնելու շտաբի աշխատանքների մեջ, որ բոլորը զարմանալու են:
Իր առաջարկը բազմիցս կրկնելուց հետո Ռուբեն Հակոբյանը լքեց քննարկման դահլիճը, իսկ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նրա հեռանալուց հետո ասաց. «Մեր շարքերը բյուրեղանում են»:








































