Երեկ երեկոյան Մերիլենդ նահանգի ռազմածովային ակադեմիայում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կրկին մեղադրել է Ռուսաստանին Սիրիայի ռեժիմին աջակցելու համար:
«Նրանց՝ կառուցողական միջոցների կիրառման դեմ հանդես գալն օգնում է Ասադի ռեժիմին մնալ իշխանության, լավ զինվել և հնարավորություն ունենալ անտեսելու սեփական ժողովրդի, տարածաշրջանի և աշխարհի պահանջները»,- RIA-Novosti գործակալության փոխանցմամբ՝ ասել է Քլինթոնը:
Պետքարտուղարը նշել է, որ Սիրիայում պահպանվում է քաղաքացիական պատերազմի վտանգը, և խոստացել է ռուսաստանցի իր գործընկերոջը փորձել համոզել՝ ընդունելու այն միջոցների կիրառման անհրաժեշտությունը, որոնք թույլ կտան հումանիտար բեռներ տեղափոխել Սիրիայի կարիքավոր շրջաններ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են ՄԱԿ-ի ԱԽ որոշմամբ Սիրիայի դեմ ընդունվելիք պատժամիջոցներին` մտավախություն ունենալով, որ այստեղ կարող են կրկնվել Լիբիայի դեպքերը, երբ ՆԱՏՕ-ն իրականացրեց արտաքին միջամտություն:









































