ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի հետ: Լավրովն Անանին կոչ է արել ակտիվացնել աշխատանքը սիրիական ընդդիմության հետ: Այս մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվության վարչությունը։
«Սերգեյ Լավրովը շեշտել է, որ սիրիական ընդդիմությունը և դրան աջակցող ուժերը ևս պետք է շտապ միջոցներ ձեռնարկեն բռնությունը դադարեցնելու համար, և կոչ է արել Քոֆի Անանին այս ուղղությամբ ակտիվացնել աշխատանքը նրանց հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նախարարն Անանին նաև տեղեկացրել է ավելի վաղ Մոսկվայում Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի հետ ունեցած բանակցությունների մասին:
Լավրովը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ռուսաստանն աջակցում է Անանի ջանքերին, որոնք ուղղված են սիրիական ճգնաժամի լուծմանը` նշելով, որ հակամարտության բոլոր կողմերը պետք է կատարեն հինգ կետից բաղկացած նախագծի դրույթները:
ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Քոֆի Անանը բարձր է գնահատել ռուսական կողմի աջակցությունն իր նախաձեռնությանը:










































