Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Անվտանգության ծառայության ղեկավար Մեհմեթ Քըլըչլարը թուրքական ոստիկանության հիմնադրման 167-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում իրենց հաջողվել է ձերբակալել 141 ռմբաձիգի:
Միջոցառմանը մասնակցել են նաև Ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը, Պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, Արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը և այլք:
Քըլըչլարը հավելել է, որ ձերբակալվածների մոտից հայտնաբերվել ու առգրավվել է մոտ 800 կիլոգրամ պայթուցիկ, և որ այդ գործողությունների ժամանակ սպանվել է նաև 19 ահաբեկիչ: Քըլըչլարի խոսքերով՝ Թուրքիայի զինված ուժերը, Ժանդարմերիան ու Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) ահաբեկչության դեմ պայքարում համագործակցում են իրար հետ, նրանց գործողությունները կոորդինացվում են ամենաբարձր մակարդակով:
Նշենք, որ ահաբեկիչների անվան տակ Թուրքիայում հիմնականում նկատի են առնվում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները:









































