Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանում այսօր շարունակվել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից ներկայացված դատական հայցի քննությունը:
Նախնական դատական նիստն այսօր ավարտվել է, դատարանը անցել է գործի դատաքննական փուլին, որը կշարունակվի ապրիլի 15-ին:
Հիշեցնենք, որ Սաքունցը դիմել է դատարան ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի, քանի որ, իրավապաշտպանի պնդմամբ, գործող ոստիկանապետը դեռ ՀՀ պաշտպանության փոխնախարար եղած ժամանակ մի քանի հարցազրույցներում զրպարտել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նոյեմբերի 10-ին հայց է ներկայացրել ՀՀ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից պահանջելով հրապարակային ներողություն խնդրել կազմակերպությանը և ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերին վիրավորելու և զրպարտելու համար, ինչպես նաև հօգուտ կազմակերպության բռնագանձել 20 (քսան) ՀՀ դրամ` բռնագանձումը տարածելով նրա գույքի վրա:
Բանն այն է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, դեռևս լինելով ՀՀ պաշտպանության փոխնախարար, այս տարվա հոկտեմբերի 15-ին «Զինուժ» հաղորդաշարով և հոկտեմբերի 17-ին «Հրապարակ» թերթում հրապարակված իր ուղղակի խոսքում հնչեցրել է արտահայտություններ, որոնք, ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի, իրենց մեջ ներառում են վիրավորանք և զրպարտություն:
«Հրապարակ» օրաթերթում տպագրված «Ով արյուն կլափի, թող գա իր երեխու դեմ» նյութում Վլադիմիր Գասպարյանը նշել էր. «Ցավացող ծնողը լկտի չի լինի, ցավացող ծնողը կանգնած է, բայց ես տեսնում եմ լկտիություն բանակի նկատմամբ, նախարարի նկատմամբ, ես տեսնում եմ թույն մեջները: 20 տարեկան պոչիկներով լակոտներին, որ բերել են Հելսինկյան կազմակերպությունները, ու էդ լակոտների բերանների արտահայտություններն անձնական վիրավորանք են հասցնում: Երբ փսլնքոտ լակոտը երկիր պահած, երկրի համար տուժած մարդուն վիրավորում է լկտի բացականչություններով, ես դա չեմ հանդուրժելու…: Նրանք անպատվում են պաշտպանության նախարարին, ասելով` էդ միոտանին: Ես ասում եմ` էդ չորսոտանիներիցդ շատ գործ է անում մեր միոտանին, չէ՞ որ էդ մարդն ինչ որ արել է, ես չեմ պաշտպանում, արել է էս երկրի համար, որ էդ ոտքը կորցրել է»:
Իսկ հոկտեմբերի 15-ին «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում նա նշել է. «Ոնց կարող է ցավալ մարդու սիրտ մի երկրի բանակի համար, երբ ֆինանսավորվում ու աշխատավարձ է ստանում ուրիշ երկրներից: Ոնց կարող է մարդու սիրտ ցավալ, երբ նա մտածում է` ինչքան աղմկահարույց, ինչքան վատ դեպք պատահի, էնքան լավ է, որովհետև դրա վրա ավելի շատ փող կարող է աշխատի: Այդ մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են, անհայրենիք, աներկիր, անշնորհք, ուրիշին դուր գալու, ուրիշին ծառայելու, նոքարի, սեփական արժանապատվություն չունեցող երևույթներ են: Նրանց մեջ մարդիկ կան, ովքեր բանակի կողքով անգամ չեն անցել: …Ու հաստատ իմացեք, վաղը, եթե հանկարծ ինչ-որ բան լինի, ոչ միայն խոր թիկունքում նրանց չենք գտնելու, այլև Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այդ երևույթներին չենք կարողանալու գտնել: Մի քանի օր առաջ այդ խմբերից մեկի հայտարարությունն եմ կարդում թերթերում, որտեղ պահանջում են այս, այս, այս տեղեկությունները` կապված հազարավոր զինծառայողների հետ: Սիրելիներս, իսկ ձեր պատվիրատուներն էլ ի՞նչ հանձնարարություն են ձեզ տվել` իմանալու մեր բանակից, գուցե ամբողջ ցանկը հրապարակեք և հետո ամենախայտաբղետ արտասահմանյան հիմնադրամների մոտ գնաք, հե՞րթ կանգնեք»:







































