ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունօց «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Ազգային ժողովի նախագահին կից «Ընտրական օրենսգրքի» կիրարկման և ընտրական գործընթացների մոնիթորինգային աշխատանքային խմբի երկրորդ նիստում ապրիլի 10-ին քննարկվել են կազմակերպչական հարցեր, ինչպես նաև նախանշվել են առաջիկա անելիքները:
Դեռ նախորդ նիստում առաջարկ էր եղել, որ յուրաքանչյուր կուսակցություն ու կազմակերպություն քննարկի և այս հանդիպմանը ներկայացնի իր պատկերացումներն ու առաջարկները խմբի գործունեության, մասնավորապես մոնիթորինգի ընթացքում կիրառվելիք մեխանիզմների մասին:
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի մասնակցությամբ ընթացած քննարկմանը ներկա են եղել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած վեց կուսակցությունների` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության», ՀԿԿ -ի և ՀԴԿ-ի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Աշխատանքային խմբի երկրորդ նիստը, այբբենական կարգով նախագահությունը փոխանցելու մասին որոշման համաձայն, նախագահել է ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս, ինչպես նաև Ստյոպա Սաֆարյանը(«Ժառանգություն»), Երջանիկ Ղազարյանը(ՀԿԿ), Գագիկ Մելիքյանը(ՀՀԿ), Արտյուշ Շահբազյանը(ՀՅԴ) և Արամ Սարգսյանը(ՀԴԿ) հնչեցրին իրենց առաջարկները խախտումների վերաբերյալ դիմումներն ստանալու ու քննարկելու կարգի, տեղական ինքնակառավարման և գործադիր մարմինների պատասխանատուներին հրավիրելու, արձանագրություններ կազմելու, իրավապահ մարմինների հետ համագործակցելու և համանման հարցերի վերաբերյալ: Որոշվեց, որ կուսակցություններն իրենց նախընտրական շտաբներում կամփոփեն ստացված տեղեկատվությունը և կներկայացնեն աշխատանքային խմբին: Մասնակիցների համոզմամբ` աշխատանքային խմբի ձևաչափն ընդգրկուն է, և այս կերպ բոլորը կունենան հնարավոր խախտումների մասին ստացված ահազանգերը խմբի քննարկմանը ներկայացնելու հնարավորություն:
Ստյոպա Սաֆարյանն առաջարկել է, որ խմբի անդամներն ուշադրության առանցքում պահեն նաև 41 տեղամասերում մեծամասնական ընտրակարգով գրանցված` անկուսակցական կամ ինքնաառաջադրված թեկնածուներին: ԱԺ նախագահն առաջարկեց մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների համար ևս ստեղծել խմբում իրենց մտահոգությունները ներկայացնելու հնարավորություն: Խորհրդարանի ղեկավարն այն կարծիքին է, որ աշխատանքային խումբը պետք է քննարկի կոնկրետ հարցեր և փորձի դրանց տալ գործնական լուծումներ: Այս համատեքստում, հաշվի առնելով մամուլում շրջանառվող լուրերը ՀՀ քաղաքացիների` կրկնակի անձնագրեր ունենալու մասին, Աժ նախագահն առաջարկեց հաջորդ նիստում պարզաբանումներ ստանալու նպատակով հրավիրել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պատասխանատուներին: Աշխատանքային խմբի մասնակիցները ողջունեցին այս նախաձեռնությունը` հաշվի առնելով ճշգրիտ ընտրացուցակներ ունենալու կարևորությունն արդար ընտրություններ անցկացնելու համար:
Աշխատանքային խմբի հաջորդ նիստը կկայանա ապրիլի 13-ին:









































