Բնապահպանները մեկ րոպե լռությամբ հարգեցին Թեղուտի «սպանդը»: Այսօր Երևանի «Կոնգրես» հյուրանոցում մեկնարկեց խոշոր բնապահպանական կոնֆերանս՝ կազմակերպված «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության կողմից:
Կոնֆերանսին բացման խոսքով հանդես եկավ բնապահպան, «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Ապրես Զոհրաբյանը: Նա նշեց, որ Հայաստանի բնապահպանության ոլորտում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք շրջադարձային են Հայաստանի բնության համար: Ըստ նրա` այդ իրադարձությունները հայտնվել են հանրային հետաքրքրությունների թոփ եռյակում:
«ԽՍՀՄ տարիներին շատ խնդիրներ պայմանավորված էին կոմունիստական վարչախմբի մենաշնորհով: Հայաստանը ձևավորեց իր էկոճակատը, հաջողվեց մոբիլիզացնել հասարակական տարբեր շրջանակներ՝ վիժեցնելու աղետաբեր ծրագրերը: Դրանցից մեկը Արարատյան դաշտավայրում ատոմային թափոնների գերեզմանոցն էր: Հայաստանում փողը հայտարարվեց աստված»,- մեկնաբանեց Ապրես Զոհրաբյանը` շարունակելով, որ կապիտալի կողմից գաղութացումն ունի տարբեր դրսևորումներ, որոնցից մեկը էկոգաղութացումն է:
Կոնֆերանսի ընթացքում իր «Ապրելու իրավունք» գիրքը ներկայացրեց Առլեն Շահվերդյանը: Նա տեղեկացրեց, որ գիրքը շուրջ 10 տարվա ուսումնասիրությունների արդյունք է: Նրա փոխանցմամբ` այն վայրի բնության և առյուծների մասին է: Բանախոսը նշեց, որ դիտարկել է գրքում առյուծը՝ որպես զինանշանների սիմվոլ, պատմության ակնարկներ է արել, գիտությունը ներկայացրել է գեղարվեստական շարադրանքով: Նա նաև նշեց, որ գրքում առյուծը ներկայացրել է որպես օրինակ. առույծների վերացմամբ վերանում է նաև բնությունը:
Հանքերի, հանքարդյունաբերության աղետաբեր հետևանքների մասին խոսեց Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: Նա նշեց, որ Հայաստանում գոյություն ունի 499 հանք, որոնցից միայն 19-ը՝ մետաղական: Ըստ նրա` հանքարդյունաբերողները չեն վճարում թափոնների համար գումար, որը կարող էր տնտեսությանը մեծ աջակցություն լինել:
Բնապահպանական կոնֆերանսը շարունակվում է։ Ելույթներով հանդես են գալու բնապահպանները տարբեր բնապահպանական խնդիրների վերաբերյալ, որին հաջորդելու է հանրային քննարկումը:








































