ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը թիվ 28 ընտրատարածքում մնաց մենակ: Նրա հետ առաջադրվել էր նաև ջրմուղի մի աշխատակից, որը, սակայն, ինքնաբացարկ է հայտարարել: Այդպիսով, ԲՀԿ առաջնորդը մեծամասնական ընտրակարգով մնացել է առանց մրցակցի: Իհարկե, այդպես ավելի անկեղծ է, քան դրածո մրցակիցներով հաղթանակը: Բայց արդյոք այդպես ավելի՞ դեմոկրատական է: Երևի թե ոչ, կամ մեղմ ասած՝ ոչ: Սակայն այդ իրավիճակում ուշագրավ է մի բան՝ դեմոկրատական արժեքների և սահմանադրական կարգի վերականգնման անունից և դիրքերից հանդես եկող ընդդիմադիր ուժերից մեկը, որը նաև հավակնում է լինել միակ կամ գլխավոր ընդդիմությունը երկրում, Գագիկ Ծառուկյանին թողել է միայնակ:
Ինչո՞ւ է Կոնգրեսը բաց թողել նրա այդ ընտրատարածքը, այն դեպքում, երբ Կոնգրեսի տարբեր դեմքեր նաև հայտարարում են, որ իրենց մեծամասնական առաջադրումների նպատակն այն է, որ իշխանական թեկնածուները մենակ չմնան, և կարևորը՝ հասարակությունը, ընտրողը ունենա այլընտրանք, ընտրելու հնարավորություն: Ինչու է, ուրեմն, Կոնգրեսը զրկել թիվ 28 ընտրատարածքի ընտրողին ընտրության հնարավորությունից։ Ինչով է թիվ 28-ի ընտրողը վատ մյուս ընտրատարածքների ընտրողներից, որոնց Կոնգրեսը ներկայացրել է այլընտրանքներ, իսկ թիվ 28-ում Ծառուկյանին, փաստորեն, թողել է մենակ:
Ի վերջո պարզ է, որ Ծառուկյանն այդ ընտրատարածքում, այսպես ասած, դուրս է մրցակցությունից, որ նա անվերապահ հաղթանակի հավակնորդ է: Բայց խնդիրը տվյալ պարագայում սկզբունքն է, որովհետև, օրինակ, շատ այլ ընտրատարածքներում, որտեղ առաջադրումներ է արել Հայ ազգային կոնգրեսը, իշխանության թեկնածուները պակաս ուժեղ չեն, նրանց հաղթելու հնարավորությունները պակաս մեծ չեն, քան Ծառուկյանինը: Այլ կերպ ասած՝ ակնհայտ է, որ ԲՀԿ առաջնորդի ընտրատարածքի պարագայում Հայ ազգային կոնգրեսը խախտում է սկզբունքը: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Կոնգրեսը ԲՀԿ-ի հանդեպ իր վերաբերմունքի առումով սկզբունքներից՝ դեմոկրատիայի և սահմանադրական կարգի արժեքներից, շեղվել է շատ վաղուց, դեռ այն ժամանակից, երբ ԲՀԿ-ն որակվեց հայաստանածին և շատ ավելի քաղաքական կուսակցություն, քան ՀՀԿ-ն:
Խնդիրն իհարկե ՀՀԿ-ն չէ, այլ այն, որ թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ԲՀԿ-ն, սկզբունքորեն կուսակցություններ չեն, այլ իշխանական ճամբարներ, որտեղ հավաքագրվում են փողի և իշխանության համար մարտնչով անձինք, որոնց համար նպատակն արդարացնում է միջոցը: Երբ սկզբունքներից շեղվում է ընդդիմությունը, այդ դեպքում ևս գործ ենք ունենում նպատակն արդարացնում է միջոցը սկզբունքի հետ: Այդ դեպքում հարց է ծագում, թե արդյոք այդ սկզբունքով հնարավո՞ր է հաղթել մի իշխանության, որը նույն սկզբունքի դավանողն է, պարզապես՝ առավել մեծ լծակներով, առավել լայն հնարավորություններով: Մինչդեռ խնդիրը Հայաստանում միայն իշխանությանը հաղթելը չէ, այլ նաև այն սկզբունքները, որոնց վրա կառուցվում է այդ հաղթանակը, որովհետև դրա վրա պետք է կառուցվի նաև նոր Հայաստանը, քաղաքացիական Հայաստանը: Հակառակ դեպքում ստացվելու է հին Հայաստանի նոր փաթեթավորում, որը մաշվելու է արագորեն:









































