Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների՝ 2012թ. հունվար-փետրվարին մարդասիրական օգնության կարգով, ՀՀ է ներմուծվել 2 հազար 403.8 տոննա ապրանք՝ 7 հազար 642.8 մլն դրամ կամ 19.7 մլն դոլար ընդհանուր արժեքով: Ստացված օգնության 59.8%-ը կազմել են վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցները, 10.8%-ը` քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 6.1%-ը` մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, 6.4%-ը` սարքեր և ապարատները, 4.4%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, իսկ 12.5%-ը`մնացած ապրանքները:
Ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ անցած տարվա համեմատ այս տարի հունվար-փետրվարին կտրուկ փոխվել է «բարերար» երկրների պատկերը: Այսպես՝ 2011-ի նշված ժամանակահատվածում մարդասիրական օգնություն տրամադրողների շարքում առաջատար ԱՄՆ-ը (ընդհանուրի 73.6%-ը) իր դիրքերն այս տարի զիջել է (10.1%) Չինաստանին, որն իր հատկացրած օգնության ծավալն ավելացրել է 28 անգամ. ընդհանուրի մեջ Չինաստանի կշիռը կազմել է 63.5%:









































