Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյանն արժանահավատ չի համարում Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ Յուրի Բեգլարյանի այն հավաստիացումները, թե ինքը Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակներից որևէ մեկի նկատմամբ սեփականության իրավունք չունի: Այս մասին իրավաբանն ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Ես Յուրի Բեգլարյանին չեմ հավատում: Մարդկանց ասածների միջև հաճախ ակնհայտ հակասություններ են լինում: Գագիկ Բեգլարյանի եղբոր ասածը հավատ չի ներշնչում»,- ասաց Արթուր Գրիգորյանը:
Նրա խոսքով, իրենք բազմիցս դիմել են Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակների տերերի՝ կրպակների նկատմամբ սեփականության իրավունքը ու օրինականությունը հաստատող փաստաթղթերը, սակայն միշտ մերժվել են:
Հիշեցնենք՝ «Առաջին լրատվական»-ն օրեր առաջ տեղեկացրել էր, որ Աբովյան փողոցից ապամոնտաժված և Մաշտոցի պուրակում մոնտաժված կրպակներից մեկի սեփականատերը Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայրն է՝ Յուրի Բեգլարյանը։ Մեզ հետ զրույցում Յուրի Բեգլարյանը հաստատել էր, որ Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակներից մեկի սեփականատերն ինքն է, սակայն նշել էր, որ Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակներից որևէ մեկի նկատմամբ սեփականության իրավունք չունի:










































