Մադոննայի նոր MDNA ալբոմը բրիտանական հիթ-շքերթի առաջին տեղից միանգամից տեղափոխվել է յոթերորդ տեղ։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Սկավառակը թողարկվել է մարտի վերջին և հենց առաջին շաբաթվա ընթացքում էլ վաճառվել է այնպիսի տիրաժով, որը թույլ է տվել գլխավորել ապրիլի 2–ի հիթ-շքերթը:
Սկավառակը Մադոննայի 9-րդ աշխատանքն է, որը հայտնվել է բրիտանական հիթ-շքերթի վերին հորիզոնականում: Արդյունքում երգչուհին գերազանցել է Էլվիս Փրեսլիի ռեկորդը, ում ութ ալբոմները ևս նույն արդյունքն են գրանցել:
Ապրիլի 3-ին հայտարարվել էր, որ MDNA ալբոմն ամերիկյան Billboard 200 հիթ-շքերթում ևս գտնվում է առաջին հորիզոնականում: Սակայն բրիտանական հիթ-շքերթի վերին հորիզոնականում սկավառակը մնաց ընդամենը մեկ շաբաթ: Հաջորդ յոթ օրերին առաջին հորիզոնականում հայտնվեց Նիկի Մինաժի Pink Friday: Roman Reloaded ալբոմը, որը թողարկվել է ապրիլի 3-ին: Հատկանշական է, որ Մինաժը մասնակցել է նաև MDNA ալբոմի աշխատանքներին: Նրա վոկալը հնչում է Give Me All Your Luvin և I Don’t Give A երգերում:










































