News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված ռազմավարական գործընկերևության խարտիայի շրջանակներում ժողովրդավարության հարցերով աշխատանքային խմբի բանակցությունների հերթական փուլը կանցկացվի ապրիլի 16-ին Վաշինգտոնում: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն.
«Վրացական պատվիրակությունը գլխավորելու է ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գեորգի Բոկերիան: Ենթադրվում է, որ ամերիկյան պատվիրակությունը գլխավորելու է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերություն կնքվել է 2009 թվականի հունվարի 9-ին Վաշինգտոնում։ Վրացական կողմից այն ստորագրել է արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը։
Փաստաթղթով ենթադրվում է երկու երկրների միջև պաշտպանական և անվտանգության, տնտեսական, էներգետիկայի, ժողովրդավարական բարեփոխումների, դիվանագիտական և մշակութային ոլորտներում գործընկերության ու համագործակցության ընդլայնում:








































