Այսօր ապրիլի 10-ին, ժամը 13-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հակաճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարավ–արևմտյան թաղամասում գտնվող գազալցակայաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես Aravot.am–ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գազալցակայանը գտնվում է Րաֆֆու և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում՝ նախկին Հովհաննես Շիրազի անվան գրատան հարևանությամբ։
Հրդեհի վայր են ժամանել 4 մարտական հաշվարկ, պարամետրիկների խումբը, հրդեհաշիջման բրիգադը՝ Երևան քաղաքի փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի և 1-03 Շտապօգնության ծառայության աշխատակիցները։
Գ. Շամշյանը հայտնել է, որ ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի պատճառը եղել է գազալցակայանում գտնվող օդամղիչ յուղի բալոնների պայթյունը։
Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նշված հատվածում երթևեկությունը, տրանսպորտային միջոցների և քաղաքացիների տեղաշարժը դադարեցրել են ժամանակավորապես։ Նշված գազալցակայանի հարևանությամբ են գտնվում մեծ թվով բնակելի բարձրահարկ շենքեր։
Ավելի մանրամասն՝ քիչ ուշ։









































