Հետևելով Փաշինյանի օրինակին` Վ. Կարապետյանը բանավեճի հրավիրեց Սամվել Ֆարմանյանին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողի հարցին նման հայտարարությամբ արձագանքեց թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀԱԿ թեկնածու Վլադիմիր Կարապետյանը` խոսելով գալիք ընտրությունների և իր առաջադրման մասին:
Նա նշեց, որ իր առաջադրումը, որպես պատգամավորի թեկնածու, պայմանավորված է երկու գործոնով: Ըստ նրա` առաջինը ՀԱԿ որոշումն է՝ հնարավորինս շատ ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրել և հաղթել ընտրություններում:
«Անելու եմ հնարավորը ժողովրդին համոզելու համար, որ պայքարելու եմ այս ռեժիմի դեմ: Երկրորդ գործոնն այն է, որ պատգամավոր-բնակիչ հարաբերություններում նոր մշակույթ ներմուծվի. ցանկանում եմ այդ կապը դարձնել մշտական և իմ անձնական կայքում հրապարակել եմ իմ հեռախոսահամարը, որը հինգ տարվա ընթացքում կգործի բոլորի համար: Գրասենյակ ունեմ, որը բաց է լինելու բոլորի համար»,- մանրամասնեց ՀԱԿ թեկնածուն` այդ հարաբերություններում առանձնապես կարևորելով վստահության գործոնը:
Վ. Կարապետյանն ընդգծեց, որ ընտրարշավի ընթացքում անելու է հնարավորը կեղծիքների բացահայտման ուղղությամբ, յուրաքանչյուր ընտրատեղամասում ունենալու է երկու վստահված անձ, և համագործակցելով այլ ուժերի վստահված անձանց հետ՝ կբռնեն ընտրակեղծարարի ձեռքը:
Լրագրողի դիտարկմանը՝ «Ժառանգություն»-ը հայտարարում է, թե ՀԱԿ-ը բանակցությունների մեջ է իշխանության հետ` Վ. Կարապետյանը պատասխանեց, որ «Ժառանգության» հայտարարություններին չի անդրադառնա: Նա նշեց, որ իր ընտրատարածքում անելու է հնարավորը իրավիճակը վերահսկելու համար:
«Ես հրապարակավ բանավեճի եմ հրավիրում իմ մրցակցին»,- հայտարարեց Վլադիմիր Կարապետյանը:
Տեղեկացնենք, որ թիվ 2 ընտրատարածքում երկու պատգամավոր է առաջադրված՝ ՀԱԿ թեկնածու Վլադիմիր Կարապետյանը և Սամվել Ֆարմանյանը:








































