Նյուարքի քաղաքի բնակիչները, որտեղ թաղված է երգչուհի Ուիթնի Հյուսթոնը, կիրակի առավոտյան բողոքի ակցիա են անցկացրել քաղաքի փողոցներում: Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS գործակալությունը:
Ակցիայի անցկացման պատճառը փետրվարի 19-ին երգչուհու 4-ժամյա հուղարկավորության վրա կատարված 187 հազար դոլար ծախսերն են եղել:
Հիշեցնենեք, որ քաղաքի ադմինիստրացիան 187 հազար դոլար էր ծախսել իր բյուջետային միջոցներից` ոստիկանության աշխատակիցներին արտաժամյա ծառայության դիմաց վճարելու համար:
Քաղաքի բնակիչները Հյուսթոնի ընտանիքից պահանջում են վերադարձնել գումարը:
«Անհասկանալի է, թե մենք ինչու պետք է վճարենք ոստիկանության ծառայության համար, եթե մեզ` քաղաքի բնակիչներիս, անգամ չեն թույլ տվել ոտք դնել այնտեղ»,- ասում են վրդովված քաղաքացիները` նշելով, որ Հյուսթոնի ընտանիքը պետք է ապահովի սեփական անվտանգությունը և չծախսի հարկատուների միջոցները:
Հիշեցնենք, որ երգչուհու մարմինը հայտնաբերվել էր փետրվարի 11-ին Լոս Անջելեսի «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցային համալիրում: Ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության հետևանքով նա քնել էր և ջրախեղդ եղել լոգարանում: Հյուսթոնը ժամանել էր «Գրեմմի» ամենամյա մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով:
Հուղարկավորության արարողությունը աշխարհում ուղիղ հեռարձակմամբ միլիոնավոր մարդիկ են դիտել: DailyMail-ի փոխանցմամբ` բապտիստական եկեղեցում հուղարկավորության մասնակիցների անվտանգությունն ապահովել է 200 ոստիկան:











































