Ինչքան իշխանությունն ուշ որոշում կայացնի Մաշտոցի պուրակի վերաբերյալ, այնքան մեծանալու է հանրության գիտակից մասի դիմադրական ուժը: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հայտնի կինոռեժիսոր, «Սարդարապատ» նախաձեռնող խմբի, Մաշտոցի պուրակում ապամոնտաժող բրիգադի անդամ Տիգրան Խզմալյանը`խոսելով Մաշտոցի պուրակում ձևավորված հանրային դիմադրության շուրջ:
Նա տեղեկացրեց, որ օրեցօր ապամոնտաժողներին միանում են նոր գործիչներ, իսկ երեկ ավելացել է հինգերորդ բրիգադի ցանկը: Ըստ նրա`գործընթացը շարունակվում է, ապամոնտաժողներն ավելանում են և ամեն օր նոր մարդիկ են ցուցակագրվում որոշակի բանակցություններից հետո: «Այդ գործողությունները փուլերի են բաժանվում, և մենք փուլ առ փուլ շարժվում ենք և այդ գործողությունների մասին հանրությանը տեղյակ ենք պահում: Մենք շաբաթը երկու անգամ հանդիպումներ ենք ունենում, որի ընթացքում կարծիքներ ենք փոխանակում և կոնսենսուսի հիման վրա փորձում ենք աշխատել գործողությունների ծրագրման ուղղությամբ: Մյուս անգամ մենք հերթական քայլը կանենք, որը ոչ միայն քանակական, այլև որակական կլինի, որովհետև եթե իրենց թվում է, որ մենք կատակ ենք անում, անլուրջ ենք վերաբերվում, շոու ենք սարքում, սխալվում են»,- նկատեց Տիգրան Խզմալյանը` հավելելով, որ ապամոնտաժման վերջին փորձը կազմակերպեցին այնպես, որ լրատվական միջոցներ չլինեն և նկարահանողները հիմնականում սիրողական տեսախցիկներով էին:
Նրա խոսքով` ապամոնտաժման յուրաքանչյուր փորձ իրենց համար փորձառություն է, քանի որ իրենք պրոֆեսիոնալ ապամոնտաժողներ չեն, իրենք սովորաբար կառուցում են: «Եթե նայենք մարդկանց ցանկը, ովքեր մասնակցում են դիմադրությանը՝ արցախյան պատերազմի վետերաններ, օդաչուներ, ճարտարապետներ, ֆիզիկոսներ, լրագրողներ, բժիշկներ, հասարակության վերնախավն է: Մենք ամբողջ վերնախավը հանելու ենք իշխող կեղեքիչ ռեժիմի դեմ: Իրենք դա պետք է գիտակցեն, որքան ուշ են իրենք որոշում կայացնելու, այնքան վատ իրենց համար, որովհետև այդքան ավելի է մեծանալու հասարակության, հանրության գիտակից մասի դիմադրական ուժը: Ես Մաշտոցի պուրակում գործողությունները դիտարկում եմ, որպես դիմադրության օջախներից մեկը, սակայն դիմադրության օջախները շատ են: Պարզ է, որ ուշ թե շուտ դրանցից որևէ մեկը պետք է դառնար դետոնատոր, և դարձավ այս մեկը»,- մեկնաբանեց Տ. Խզմալյանը` հավելելով, որ վտակները միանում են գետին` նկատի ունենալով դիմադրության այլ օջախները:









































