Ֆրանսիան սուր քննադատության է ենթարկել Սիրիայի իշխանությունների պահանջը` ուղղված ընդդիմությանը, որով Դամասկոսը սպառնում է չդադարեցնել զենքի կիրառումը, քանի դեռ ընդդիմությունը «պայքարի դադարեցման գրավոր երաշխիքներ չի տվել»: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հիշեցնենք, որ Սիրիայի իշխանությունները, ընդունելով Քոֆի Անանի կարգավորման ծրագիրը, պարտավորվել էին ապրիլի 10-ից դադարեցնել ռազմական գործողությունները և Սիրիայի քաղաքներից դուրս բերել զորքերը:
Հիշեցնենք նաև, որ երեկ Սիրիայի ազատ բանակի հրամանատարներից մեկը` Ռիյադ Ալ-Ասադը, մեղադրել է Սիրիայի իշխանություններին ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ` նշելով, որ ի սկզբանե ձեռք բերված պայմանավորվածությունները դատապարտված էին ձախողման:
Այդուհանդերձ` Սիրիայի ազատ բանակի մեկ այլ ներկայացուցիչ` գնդապետ Սաադ Ալ-Ադինը հայտարարել է, որ ապստամբները պատրաստ են պահպանել կրակի դադարեցման ռեժիմը:








































