Իրանական FARS գործակալությունը, հղում անելով արևմտյան ԶԼՄ-ներին, հաղորդում է, որ Ռուսաստանը զորքերն ուղղում է դեպի Կովկաս` պատրաստվելով պաշտպանել իր շահերը տարածաշրջանում, եթե Իսրայելը հարված հասցնի Իրանի ատոմային օբյեկտներին:
Գործակալությունը մեջբերում է GenerationalDynamics.com կայքին, որի համաձայն` ռուսական հրամանատարությունը վստահ է, որ Իրանի վրա հարձակվելու դեպքում ԱՄՆ-ը Վրաստանում և Ադրբեջանում կընդլայնի իր ռազմական ստորաբաժանումները:
Դրա հետ կապված` Ռուսաստանը Կասպից ծովի իր ափին տեղակայում է հականավային հրթիռներ և մեծացնում հարձակվող խումբը, նշում է NEWSru.co.il-ը:
Ըստ փորձագետների` այդ խմբի խնդիրը կանխող հարձակում իրականացնելն է, որը կկանխարգելի տարածաշրջանում ԱՄՆ բանակի բազայի հայտնվելը և հյուսիսկովկասյան էներգետիկ միջանցքի վրա վերահսկողության հաստատումը: Այդ կերպ Ռուսաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ կկարողանա վերականգնել կովկասյան և միջկասպյան պետությունների վերահսկողությունը:
Ինչպես հայտնի է, աշխարհը վախենում է, որ Իսրայելը Իրանի միջուկային զենք մշակելու մասին լուրերի պատճառով կարող է այդ երկրին ռազմական հարված հասցնել: Ավելի վաղ հաղորդվում է, որ հարձակումը կարող է տեղի ունենալ ապրիլին: Իսրայելի արևմտյան կողմնակիցները նրան համոզում են Իրանի հետ պատերազմի մեջ չմտնել:
ԱՄՆ և Արևմտյան մի շարք երկրներ Իրանին մեղադրում են խաղաղ ատոմի ծրագրի անվան տակ միջուկային զենք մշակելու համար: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները` հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրը ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջը բավարարելուն:









































