«Սիրիական ազատ բանակի» ղեկավարությունը հրաժարվել է երկրի իշխանություններին կրակը դադարեցնելու գրավոր երաշխիքներ տալ: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Ավելի վաղ սիրիական իշխանությունները հայտարարել էին, որ զորքերը դուրս չեն բերի քաղաքներից այնքան ժամանակ, մինչև որ զինված խմբավորումների ներկայացուցիչները կրակը դադարեցնելու գրավոր երաշխիքներ չներկայացնեն:
Ինչպես տեղեկացրել էր Սիրիայի ԱԳՆ մամլո քարտուղար Ջիհադ Մաքդեսին, մինչև ապրիլի 10-ը քաղաքներից զորքերի դուրսբերումը «ոչ ճիշտ մեկնաբանություն է»: Մաքդեսիի խոսքով` ՄԱԿ-ի բանագնաց Քոֆի Անանը երկրի իշխանություններին չի փոխանցել ընդդիմադիր ուժերի կողմից կրակը դադարեցնելու մասին գրավոր երաշխիքներ:
Անցած երկուշաբթի Քոֆի Անանը հայտարարել էր, որ Դամասկոսը համաձայնել է մինչև ապրիլի 10-ը կատարել իր նախագծի կետերը:
Հինգշաբթի Սիրիայի իշխանությունները Քոֆի Անանին հայտնել էին սիրիական Իդլիբի, Զաբադանի, Դարաա քաղաքներից զորքերը մասամբ դուրս բերելու մասին:
Դրա հետ մեկտեղ, Reuters գործակալության փոխանցմամբ, «Սիրիական ազատ բանակի» ներկայացուցիչները հանդիպել են ՄԱԿ-ի և ԱՊԼ անդամ երկրների բանագնաց Քոֆի Անանի հետ ու հայտարարել, որ պատրաստ են հետևել հաշտության պայմաններին և կրակի դադարեցմանը:









































