«Ի սկզբանե մրցակցության հավասար պայմաններ չկան: Օրենքով սահմանված կարգով այդ պայմանները պետք է ապահովեն նախ՝ հեռուստաընկերությունները, մասնավորապես Հանրային հեռուստաընկերությունը, որն արդեն իշխանական թեկնածուներին հրավիրում է եթերի, նրանց PR-ն ապահովում է, մինչդեռ հեռուստաընկերությունը պետք է հակառակ կողմին էլ հրավիրի, որպեսզի ընտրողները կարողանան կողմնորոշվել: Հանրայինը մեկ հոգու է հրավիրում` հիմնականում իշխանականից, իսկ մեկ թեկնածուին հրավիրել, նրան «ռասկրուտկա» անելն օրենքի խախտում է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց թիվ 1 ընտրատարածքում ինքնաառաջադրված լրագրող Գայանե Առուստամյանը: Մեր զրուցակիցը մատնանշեց նաև շտաբերի ձևավորման հետ կապված՝ թեկնածուների անհավասար պայմանները: Ըստ նրա, եթե Հանրապետականը խնդիր չունի, ապա իրենք բավարար թվով շտաբեր ունենալու հնարավորություն չունեն. «Պատկերավոր ասած, ամեն ասած 100 մետրի վրա բացվել են Հանրապետական կուսակցության շտաբերը, այդ շտաբերում աշխատում են մարդիկ որոնք քարոզում են, աշխատանք են տանում»:
Ընտրությունների պաշտոնական քարոզարշավը մեկնարկում է այսօր: Թեկնածուն ընտրակաշառքի մասին տեղեկություններ ունի, գիտի, որ Հանրապետականը խոստացել է տարբեր չափերի գումար, բայց քանի դեռ կոնկրետ փաստեր չունի, չի հրապարակում: «Վախի մթնոլորտ է, մարդիկ խոսում են ընտրակաշառքի մասին, բայց հրաժարվում են ներկայանալ և վկայել: Դրա համար ընտրակաշառքի գործոնը դեռևս ապացուցված չէ, եթե արդեն հանդիպենք նման դեպքերի, կֆիքսենք, կներկայացնենք: Դեռ վաղ է այդ մասին խոսել, երբ որ կոնկրետ փաստեր ունենանք, կհրապարակենք»,- ասաց նա:
Հիշեցնենք¸որ թիվ 1 ընտրատարածքում նրա հետ մրցակցելու են «Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանը, Հանրապետականից` Ռուբեն Հայրապետյանը և անկուսակցական Արսեն Լևոնյանը:
Մեր հարցին` եթե Հանրապետականը որոշի տարբեր միջոցներով ընտրողներին ստիպել, որպեսզի իրենց ձայն տան, ի՞նչ համապատասխան քայլեր են ձեռնարկելու: Գ. Առուստամյանն ասաց, որ նախ դիմելու են հանձնաժողովի նախագահներին, որպեսզի իրենց վստահված անձանց միջոցով փորձեն արգելել ընտրողներին` հեռախոսներով մտնել քվեախցիկ: Գ. Առուստամյանը շեշտեց նաև իր և «Ժառանգության» թեկնածուի վստահված անձերի համատեղ պայքարի կարևորությունը` ընդդեմ Հանրապետականի ընտրակեղծիքի:
Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ իրեն հիմնական մրցակից համարում է Հանրապետականի թեկնածուին` Ռուբեն Հայրապետյանին: «Ցավոք սրտի, Ռուբեն Հայրապետյանն ինքնուրույն չի կայացրել առաջադրվելու որոշումը: Կարծում եմ, որ ընտրողը նույնպես պետք է հաշվի առնի, և հասկանա, որ պարոն Հայրապետյանի կամքը գոնե կարելի է հարգել` հաշվի առնելով նրա բազմաթիվ հայտարարություններն այն մասին, որ ինքն ուզում է ֆուտբոլով զբաղվել և նրան կազատի Ազգային ժողով գնալու բեռից»:










































