Մաշտոցի պուրակի դատական գործը կարժանանա Թեղուտի և Ուսանողական այգու ճակատագրին: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյանը` անդրադառնալով Մաշտոցի պուրակի վերաբերյալ դատավարության ճակատագրին:
Ըստ նրա` չի թույլատրվում վճռաբեկ դատարանի որոշումներին հակասող լուծումներ տալ, իսկ Վճռաբեկ դատարանն արդեն իսկ նախադեպային որոշումներ է կայացրել Թեղուտի և Ուսանողական այգու գործերով, ըստ որի հասարակությունն իրավունք չունի դիմել դատարան: Իրավաբանը կարծում է, որ ինչ-որ կերպ կփորձեն մանիպուլացնել, ձգձգել գործը: «Ի վերջո, հարցը նույն լուծումն է ստանալու, որովհետև այլ իրավական լուծում իրենք պարզապես կայացնելու իրավունք չունե. կձգձգեն կամ արագացված դատաքննություն կիրականացնեն, ինչպես Թեղուտի գործով եղավ: Նույն հետևությանը կգան, որ հասարակությունն իրավունք չունի հանրային շահերի պաշտպանության գործով դիմել դատարան և մասնավոր իրավունքներն են պաշտպանում»,- մեկնաբանեց Արթուր Գրիգորյանը` ընդգծելով, որ հանրային իրավունքների պաշտպանության գործով հանրությունն իրավունք չունի դիմել դատարան:
Հիշեցնենք, որ «Ժառանգության» պատգամավորները դիմել էին դատարան Մաշտոցի պուրակում կրպակների տեղադրման քաղաքապետի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Առաջին դատական նիստը վարչական դատարանում տեղի կունենա ապրիլի 20-ին:









































