Facebook սոցիալական ցանցի բազմաթիվ հայտնի հավելվածներ պարունակում են Ձեր անձի մասին գաղտնի տեղեկություններ, այնպես որ, մի զարմացեք, եթե ձեր քաղաքական, կրոնական հայացքների և սեռական նախասիրությունների մասին տեղեկությունները մի օր հայտնվեն անսպասելի վայրում:
Օգտատերերից շատերը պատկերացում անգամ չունեն, թե ինչպես կարող են հավելվածները տեղեկանալ անձնական բնույթի տվյալներին: Ոչ վաղ անցյալում software-ները վաճառվում էին խանութներում: Այն գնելու համար, պետք էր կրեդիտ քարտ ներկայացնել: Այժմ հավելվածներն «ապրում են» համացանցում կամ սմարթֆոններում: Դրանք գնելու կամ ակտիվացնելու համար, պետք է կոճակ սեղմել: Երբեմն դրանց ակտիվացումը մի քանի դոլար է արժենում, մի քանիսն անվճար են, իսկ երբեմն դրանք պարզապես անձնական բնույթի տվյալներ են պահանջում: Ամենատարածված հավելվածները խաղերն են, վիկտորինաները և տարբեր ծառայությունները:
Wall Street Journal-ն ուսումնասիրել է Facebook–ի շուրջ 100 հավելվածներ և պարզել, որ դրանք օգտատերերից պահանջում են ոչ միայն իրենց, այլև իրենց ընկերների էլեկտրոնային փոստի հասցեները, բնակության վայրի մասին տեղեկություններ, ինչպես նաև ինֆորմացիա սեռական նախասիրությունների մասին:
Սոցիալական ցանցի միջոցով աշխատող Yahoo-ի մի ծառայություն ակտիվանալու համար օգտատերից հավաքագրում է տեղեկություններ նրա քաղաքական ու կրոնական հայացքների մասին: Տեսակապի ծառայություն մատուցող Skype-ը սոցիալական ցանցում փնտրում է ձեր լուսանկարները և ծննդյան ամսաթիվը և նույնիսկ ձեր ընկերներին: Այսպիսով` դուք համացանցի համար «բաց գիրք» եք դառնում:
Ի պատասխան հրապարակմանը` Yahoo-ի և Skype-ի ղեկավարությունները հայտարարել են, որ իրենք անձնական տեղեկությունները հավաքում են` օգտատերերի շփումները հեշտացնելու և ծառայությունները հարմար դարձնելու համար:
Facebook-ը անձնական տվյալների որջ է: Սոցիալական ցանցն առաջարկում է անվճար ծառայություններ` դրա դիմաց վերցնելով միայն կյանքի, ընկերական շրջապատի, հետաքրքրությունների ու կենսագործունեության մասին ինֆորմացիա: Իսկ օգտատերերի մեծ թիվն ու հսկայական ինֆորմացիայի տիրապետելու ուժն օգտագործում` գովազդատուներին հրապուրելու և մի շարք այլ գործարար հնարավորությունների համար:
Անձնական տվյալների տնօրինումը շահութաբեր բիզնես է: Երիտասարդ ընկերությունը գնահատվում է 100 միլիարդ դոլար:
Facebook-ը հայտարարել է, որ անձնական տվյալները հավաքագրելը ու դրանք հավելվածների ներբեռնման դեպքում հասանելի դարձնելն անհրաժեշտ են ծառայությունների օգտագործումը հեշտ և նպատակային դարձնելու համար:










































