Սիրիայում շաբաթ օրը ռազմական գործողությունների վերսկսման հետևանքով զոհվել է ավելի քան 130 մարդ: BBC-ի փոխանցմամբ` այս տվյալները հայտնել են սիրիացի ընդդիմադիրները:
Ավելի վաղ հայտարարվել էր 60-80 զոհերի մասին: Մարդու իրավունքների հարցերով զբաղվող սիրիական կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ կառավարական զորքերը փորձել են գրավել Համայի շրջանի Լատամնա քաղաքը: Բացի այդ, ռմբակոծվել են Հոմսի մի քանի շրջաններ:
Հիշեցնենք, որ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ուրբաթ օրը հայտարարել էր, որ Սիրիայի քաղաքներում այս օրերին ընթացող ռազմական գործողությունները հակասում են այդ երկրի իշխանությունների կողմից կրակը դադարեցնելու մասին հավաստիացումներին:








































