Բարբի տիկնիկներ արտադրող «Մաթթել» ընկերությունն այսօր վաճառքի է հանել արքայազն Ուիլյամի և նրա կնոջ` Քեթրինի կերպարանքներով տիկնիկներ: BBC-ի փոխանցմամբ՝ 25 հազար զույգ տիկնիկներն այսօր այդպես էլ ազատ վաճառքի չեն հանվել, քանի որ գնվել էին նախօրոք:
Մեկ ամիս առաջ ընկերությունը հնարավորություն էր ընձեռել կանխավճար կատարել և նախօրոք պատվիրել տիկնիկները: Չնայած տիկնիկների բարձր գնին` 99 ֆունտ 99 պենս, դրանք շատ արագ վաճառվել են: Այսօր ինտերնետ աճուրդներում տիկնիկների գինը բարձրացել է մինչև 150 ֆունտ:
Նշենք, որ տիկնիկները թողարկվել են արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանիքի մեկամյա տարեդարձի կապակցությամբ: Հարսանեկան արարողությունը կայացել էր 2011 թ. ապրիլի 25-ին, և դրան ուղիղ եթերով հետևում էր ավելի քան երեք միլիարդ մարդ:
Ժպտացող Բարբի-Ուիլյամը և Բարբի-Միդլթոնը կրում են հարսանեկան զգեստների պատճենները: Ուիլյամն իռլանդական գվարդիայի գնդապետի համազգեստով է, իսկ Միդլթոնը` շքեղ հարսանեկան զգեստով:







































