Թիվ 36 ընտրատարածքում (որն ընդգրկում է Շիրակի մարզի Արթիկի ու Մարալիկի շրջանը` իրենց գյուղերով) ՀԱԿ կողմից առաջադրված Պետրոս Մակեյանը փաստում է, որ նախընտրական քարոզարշավը չմեկնարկած՝ իր մրցակից ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական ու ՕԵԿ-ական թեկնածուները բազմաթիվ ընտրակեղծիքների են դիմում: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Հավաքում են ոչ թե ընտրողների անձնագրերի պատճենները, այլ հենց անձնագրերը: Ասվածը հավասարապես վերաբերում է ինձ հետ նույն ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված և՛ ՀՀԿ-ական, և՛ ԲՀԿ-ական, և՛ ՕԵԿ-ական թեկնածուների թիմերին: Նրանք բոլորն էլ գործում են նույն ոճով, նույն ակտիվությամբ՝ միմյանց հետ մրցակցելով, թե ով ավելի շատ պոտենցիալ ընտրակաշառք վերցնող կհավաքագրի:
Միաժամանակ, նախկին փորձից «խրատված»՝ անձնագրեր հավաքագրողներին կուսակցությունները հատկացնում են այնքան գումար, որքան անձնագիր նրանք ներկայացնում են իրենց, քանի որ փաստացի ի օգուտ տվյալ կուսակցության ընտրողների ու ընտրակաշառք ստացողների թիվը շատ տարբեր է լինում: Ընդ որում՝ մարդկանց անձնագրերը վերցնելիս նրանց 15-30 հազար դրամի ընտրակաշառք են խոստանում, սակայն վստահ եմ, որ անձնագրերը վերադարձնելիս ամեն մի ընտրողի հատկացվելու է առավելագույնը 5 հազարական դրամ»,- ասաց Պետրոս Մակեյանը:








































