«Նաիրիտ» գործարանի արդիականացման ծրագրի գնահատականը միջազգային անկախ փորձագետները կտան առաջիկա 2 ամսվա ընթացքում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Ծրագրի գնահատման համար արտասահմանյան մասնագետները հրավիրվել էին դեռ այս տարվա փետրվարին: Փաստորեն, հենց նրանց եզրակացությունից է կախված՝ «Նաիրիտ»-ը պայծառ ապագայի հույս կունենա՞, թե՞ ոչ: Այդ ծրագրով գործարանում պետք է կատարվի մոտ 400 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Վարկ տրամադրելու պատրաստակամություն անցած տարեվերջին հայտնել էր Ռուսաստանի Դաշնությունը՝ ԵվրԱզէՍ հիմնադրամից:
Հիշեցնենք, որ «Նաիրիտն» այժմ Միջպետական բանկի սեփականությունն է, քանի որ գործարանը կառավարող «Ռայնովիլ» ընկերությունը 70 մլն դոլար պարտքը չի մարել և, քանի որ այն գրավ էր դրված, ուստի դարձել է բանկի սեփականությունը:








































